ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նա իր հզոր ներաշխարհով, մարմնավորած կերպարներով, հայ ժողովրդի կյանքում իր ներկայությամբ հարստացնում է մեր մշակույթը

Նա իր հզոր ներաշխարհով, մարմնավորած կերպարներով, հայ ժողովրդի կյանքում իր ներկայությամբ հարստացնում է մեր մշակույթը
04.05.2023 | 10:52

Հայ թատրոնի պատմության մեջ վաղուց գրվել է մի լուսավոր անուն՝ ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ. Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի արտիստ է նա, ով իր հզոր ներաշխարհով, մարմնավորած կերպարներով և, առհասարակ, հայ ժողովրդի կյանքում իր ներկայությամբ հարստացնում է մեր մշակույթը: Մեծ է նրա ավանդը աշխարհի քաղաքակրթության ակունքներում կանգնած մեր երկու հնագույն ազգերի՝ հայերի և ասորիների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունն է՛լ ավելի սերտացնելու գործում: Այսօր այս հրաշալի անձնավորության ծննդյան օրն է:

-Եթե որևէ տեղ ասորի տեսնեք, մի՛ զարմացեք։ Պարզապես դուք հանդիպել եք պատմությանը,-երբեմն իր հարցազրույցներում ասում է Ռազմիկ Խոսրոևը։

Լսում եմ ու մտաբերում եմ 3 500-ամյա շումերական կավե-սալիկ քարտեզը, որտեղ հիշատակվում են երեք ժողովուրդներ` շումերները, հայերն ու ասորիները։ Աշխարհի ու մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած մեր ազգերը պատմության երթում շարունակել են իրենց ճանապարհը ` որպես ճակատագրի եղբայրներ, միասին անցել են ցեղասպանության դժոխքով։
Արցախյան ազատամարտում, Ապրիլյան պատերազմում, Արցախյան երրորդ պատերազմում հայ զինվորի կողքին ուս-ուսի կռվեցին ու անմահացան նաև ասորի ժողովրդի զավակները, որոնց անունները նույնպես գրվելու են մեր պատմության հավերժության լուսամատյանում:
Դժվարին ժամանակներ են, գոյապայքար է։ Սակայն քաղաքակրթություն արարող ժողովուրդներն օրհասի ժամին էլ շարունակում են իրենց ավանդն ունենալ մշակութային կյանքում։ Իսկ Ձեր մարմնավորած բազմաթիվ դերերը, ինչպես նաև հասարակական գործունեությունը նպաստել են, որ վառ մնա Հայոց պահանջատիրության ջահը։
Ռազմիկ Խոսրոևի անվանը պետք չեն տիտղոսներ։ Արվեստագետի կերպարը և անցած ճանապարհն արդեն մի քանի տասնամյակ կապված է հայ բեմի հետ։
Վարդան Աճեմյանի դպրոցով անցած արտիստն իր ինքնատիպ հետագիծն է թողել մեր մշակութային կյանքում: Աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, որտեղ խաղացել է ներկայացումներ հայ, ռուս և համաշխարհային դասականների՝ Շիրվանզադեի, Սունդուկյանի, Մուրացանի, Շանթի, Լերմոնտովի, Չեխովի, Դոստոևսկու, Օստրվսկու, Շեքսպիրի, Բրեխտի, Մետեռլինգի, Ֆիլիպոյի, Յուժինի, Քամյուի գործերից։
Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ մայրաքաղաքներում, Ժնևում, Փարիզում, Ստրասբուրգում, Լիսաբոնում, ԱՄՆ-ում։ Կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռիչարդ Երկրորդ, Մարութխանյան, Սաղաթել, Անհայտ, Համտուն, Շմագա, Մարմելադով, Լինյաև, Շերեա, Հայր Դուասո։
Հեղինակել է «Ասորուհին», «Մոռացվածները» պիեսները։
1997 թվականից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ 1966 թվականից Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է։ 1999 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դոցենտ է։
Իր ուրույն գեղագիտությունն ու մասնագիտական մեծ փորձն է փոխանցում նոր սերնդին՝ նրանց համար բացելով նաև հայ թատրոնի պատմության աշխարհի դռները, մեր մեծերի հետ կապված կենդանի հուշերն ու պատմությունները՝ որպես կարևոր դաս ապագա ռեժիսորներին ու դերասաններին:
Իսկ նրա բեմադրած գործերի մասին խոսելը մի առանձին հարուստ նյութ է։
Այսօր բոլորի նման ուզում եմ ասել՝ շնորհավոր լինի Ձեր ծննդյան տարեդարձը, մեր սիրելի ու հարգելի արտիստ: Միայն իսկական արվեստագետներին է բնորոշ իրենց ստեղծագործական կյանքի ամեն րոպեն բեմին նվիրելու անվերջ ձգտումը, մեր հայրենիքի ճակատագրով ապրելու թերևս ամենակարևոր հատկանիշը, որ այսօր քչերի մոտ կտեսնենք։ Մինչդեռ մտավորականն իր էության հենց այդ ազնվական գծով է առանձնանում ուրիշներից։ Դուք մեկն եք հենց այդ ճշմարիտ արվեստագետն ու մտավորականներից։
Ռազմիկ Խոսրոև. Մարդ, Արտիստ և Քաղաքացի, ով ոչ միայն մեր մշակութային կյանքն է հարստացնում, այլև նպաստում է աշխարհի քաղաքակրթության ակունքներում կանգնած երկու հնագույն ազգերի՝ հայերի և ասորիների հազարամյակների բարեկամության պահպանմանն ու ամրապնդմանը, ինչն այնքա՜ն կարևոր է մեզ համար՝ հնամենի մշակույթների կրող ազգերի դեմ ուղղված մարտահրավերներով լի այս աշխարհում։
Ապրեցե՛ք երկար, որպեսզի մենք դեռ բազում-բազում տարիներ պատիվ ունենանք Ձեզ տեսնելու բեմում ու ֆիլմերում, և Դուք շարունակեք կրթել սերունդներ, ովքեր արվեստի միջոցով աշխարհին միշտ հիշեցնելու են մեր հնագույն ազգերի գոյության առեղծվածը և արվեստի լեզվով պայքարելու են պատմական արդարության համար:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5755

Մեկնաբանություններ